AM
14 Հոկտեմբեր 2011 - 13:45 AMT

«Չիկ բայ ջաուլ» թատրոնը կբացի Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան 9-րդ թատերական փառատոնը

Այսօր` հոկտեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկում է Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան 9-րդ թատերական փառատոնը: Այն բացելու է Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի և Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծը` Շեքսպիրի «12-րդ գիշեր» հանրահայտ ներկայացումը: Ներկայացման բեմադրիչն է հանրահայտ ռեժիսոր Դեքլան Դոնելլանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ նշված ներկայացման Հայաստան բերելը հայ-ռուսական համատեղ ծրագրերի մեջ ամենախոշորն է: Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը նշեց, որ վաղուց էր ցանկանում ներկայանալ Հայաստանում, քանի որ նրանց միշտ էլ հաճելի է խաղալ այն երկրներում, որտեղ հասկանալի է ռուսաց լեզուն:

«12-րդ գիշեր»-ում բոլոր դերասանները տղամարդիկ են, սակայն կանանց դերակատար տղամարդիկ չեն կրում կեղծամ կամ խոսում կանացի ձայներով: Նրանք միայն հագել են կանանց հագուստներ և կոշիկ: Ներկայացման մեջ խաղում են ՌԴ ժողովրդական արտիստներ Ա. Ֆեկլիստովը, Մ. Ժիգալովը, Ի. Յասուլովիչը և ուրիշներ: Վերը նշված 3 դերասաններն էլ ուրախություն հայտնեցին, որ եկել են Հայաստան, իսկ Ֆեկլիստովը մասանվորապես ուրախություն հայտնեց, որ հայ հանդիսատեսը տիտռերի կարիք չի ունենա: Յասուլովիչը, ում կինը ազգությամբ հայ է, ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, և հայերեն գիտի միայն մեկ բառ` «գյուղացի»:

Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 29-ը: Փառատոնի շրջանակներում սպասվում են մասնակիցներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքմենիայից: Փառատոնը փակվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» բալետով: