AM
15 Հոկտեմբեր 2011 - 09:15 AMT

«Հայֆեստը» կաշխատի հաջորդ տարի փառատոնի ծրագրում ներառել ևս երկու եզակի ներկայացում

«Հայֆեստ» միջազգային փառատոնը հաջորդ տարի խոստանում է բազում նորություններ ընդգրկել փառատոնի ծրագրում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնը միշտ աչքի է ընկել է նրանով, որ ամեն տարի ինչ-որ նոր բան է ներկայացրել: Նա նշել է, որ առաջին անգամ Երևանում ներկայացվեցին մատների թատրոնը, իրերի թատրոնը, ժամանակակից պարեր, ժամանակակից բալետ, action painting: «Հայֆեստն» արդեն իր ուրույն տեղն ունի Հայաստանի մշակութային կյանքում»,-ասել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը՝ հավելելով, որ Հայաստանն այն երկիրն է, որ նորամուծությունների պահանջ ունի:

Նա նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ փառատոնի կազմակերպիչները բանակցում են Բրիտանական խորհրդի հետ, որպեսզի փառատոնի շրջանակներում հաջորդ տարի ներկայացվի երկու ներկայացում, որոնք ընդգրկված են լավագայուն ներկայացումների ցանկում՝ «Animals and children in the street» և «Vanishing horizon».

9-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնը, որն անցնում էր հոկտեմբերի 1-8, այս տարի ընդունեց 30 թատերական խմբերի 60 ներկայացումներով աշխարհի 16 երկրներից: Ներկայացվեցին տիկնիկային, երաժշտական, խորեոգրաֆիկ ներկայացումներ, ինչպես նաև այլ բեմադրություններ, մասնակցեցին թատրոններ Իտալիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից: