Լեհաստանը ռազմական կրթության ոլորտում մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությանը։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյը։ Դրա հետ կապված նա նշել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ սպաներին Վարշավայի ռազմական ակադեմիայում սովորելու հարցում։ «1990-ականներին Լեհաստանի փորձը ցույց տվեց, որ այդ ոլորտի զարգացումն ամենահեշտն է և արդյունավետը»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Լեհաստանը Հայաստանի հետ համագործակցությունը կարևորում է սպառազինությունների ոլորտում։ Կոզիեյի խոսքով, այս ոլորտում նույնպես կան մեծ հնարավորություններ համագործակցության զարգացման համար, քանի որ երկու երկրների սպառազինությունը շատ բաներում միանման է։
Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև առավել ակտիվ համագործակցություն արձանագրվել է պաշտպանական ոլորտում։
Իր հերթին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական ձեռնարկությունների ստեղծման հարցում։ «Դրա համար արդեն լուրջ աշխատանքներ են տարվում, և կարելի է ասել, որ որոշ ուղղություններով մենք արդեն ունենք դրական արդյունքներ»,- ասել է նա։






