AM
18 October 2011 - 08:41 AMT

Մեկ ամսից լույս կտեսնի Անիի հուշարձանների մասին պատմող բացառիկ գիրք

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսնելու «Անի» պատկերազարդ եռալեզու գիրքը, որտեղ զետեղվելու են քաղաքի բոլոր հուշարաձանների պատմությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ ասաց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով սկզբնական շրջանում նախատեսված էր գիրքը հրատարակել 160 էջի սահմանում, սակայն նյութերն այնքան շատ էին, որ գիրքը 100 էջով ավելին է լինելու: Գրքում ընդգրկված են լինելու 19 դ-ի վերջից մինչև մեր օրերն արված լուսանկարներ, չափագրություններ, քարտեզներ: Ավերված հուշարձաններն ունենալու են եռաչափ վերակազմություններ, որպեսզի, ըստ Կարապետյանի, ամբողջական պատկերացում կազմվի հուշարձանի վերաբերյալ: Գրքում հուշարձանի յուրաքանչյուր տեսակը ներկայացված է առանձին բաժնով: Կարապետյանն ասաց, որ Անիի մասին կան ազմաթիվ հրատարակություններ, սակայն քաղաքը անտակ ուսումնասիրման վայր է: Կարապետյանը հատուկ ուշադրության է հրավիրում թանգարանի շենքի ավերակների վրա, որի հին և նոր լուսանկարները իրար հետ են ներկայացվելու:

Գիրքը հանձնվելու է տպագրության մոտ ժամանակներս, և լույս է տեսնելու մոտ 1 ամիս անց: Գիրքը հրատարակվելու է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն լույս է տեսել 2012 թ-ի օրացույց, որտեղ զետեղված են Անի քաղաքի ամենանշանավոր հուշարձանները (Մայր տաճարը, Աղջկոց վանքը, Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Կուսանաց և այլ եկեղեցիները, կամուրջներից մեկը):