Հոկտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է «Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնի հերթական համերգը: Համերգը նվիրվելու է հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի 200-ամյակին:
Կոմպոզիտորի բարդագույն ստեղծագործություններով ելույթ կունենա հայազգի ճանաչված վիրտուոզ- դաշնակահար Վազգեն Վարդանյանը (Ռուսաստանի Դաշնություն):
Վազգեն Վարդանյանը ծնվել է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան (Լև Վլասենկոյի, Դմիտրի Սախարովի դասարան), այնուհետև Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցը (Ջերոմ Լովենտալի դասարան): Հաղթել է մի շարք միջազգային մրցույթներում, որոնցից հիշարժան է Սեուլում կայացած Soo Ree մրցույթում առաջին մրցանակն ու Գրան պրին: Ընդգրկուն երկացանկի կատարմամբ աչքի ընկնող երաժիշտը հանդես է եկել աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում` Մոսկվայում, Նյու Յորքում, Ցյուրիխում, Միլանում, Պրահայում և այլուր:
Վարպետության դասերով և մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայի կարևորագույն երաժշտական հաստատություններում (Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, Իտալիա,Կանադա, Հարավային Կորեա): Համագործակցել է հանրահռչակ երաժիշտներ Վալերի Գերգիևի, Յուրի Բաշմետի, Նիկոլայ Պետրովի, Կոնստանտին Օրբելյանի, Լուկաս Ֆոսսի և այլոց հետ: Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Վերադարձի փառատոնն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 24-ին:






