Հոկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունենալու «Գրական տապան. տասը տարի անց» մշակութային նախագծի մեկնարկը: Այն իրականացվելու է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը: Ծրագրին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու եվրոպացի 15 գրողներ: Նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան տեսնելու Հայաստանը, ճանաչելու հայ մարդուն` նրա ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև կքննարկվի ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրները։
Ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):
Այս նախագիծը 10 տարի առաջ կայացած «Գրական տապան»-ի շարունակողն է: Ինչպես տասը տարի անց, այս անգամ էլ նախագծի արդյունքում կտպագրվի գրական ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով ներկայացնելու են իրենց խոհերն ու տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական մշակույթի մասին: Նախատեսվում է նաև բացել «Գրական տապան» նախագծի կայքը:






