Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում պատի շինարարությունը վերջին ժամանակների ամենաանհաջող քարոզչական ակցիան է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` զուտ ռազմական տեսակետից պատի շինարարությունը որևէ իմաստ չունի: Այս համատեքստում նա նկատել է, որ եթե Բաքուն այդ պատով ցանկանում է ինչ-որ կերպ պաշտպանվել դիպուկահարներից, «ապա միակ միջոցը երկու կողմից դիպուկահարների հեռացումն է շփման գծից»: «Պատի կառուցմամբ Ադրբեջանը փաստացիորեն արել է այն, ինչ երկրի ղեկավարությունը երկար տարիներ ժխտում էր` ճանաչել է Արցախի հետ սահմանը»,- ասել է հայ փորձագետը:
Մինասյանի կարծիքով` պատի կառուցումը չի վատթարացնի իրադրությունը շփման գծում և չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը:
«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից:






