AM
19 Հոկտեմբեր 2011 - 08:05 AMT

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը կվերականգնի Օձունի եկեղեցին

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը համատեղ ջանքերով կվերականգնվի ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին (V դար): Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, սա մասնավոր հատված-պետություն նոր ձևաչափի համագործակցություն է:

ՀՀ մշակույթի նախարարությունը կոթողի վերականգնման ծրագրի շրջանակներում 2010 թ. պետական բյուջեով արդեն իսկ իրականացրել է եկեղեցու նախագծի կազմումը, հաստատումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փորձաքննությունների անցկացումը, իսկ հիմանդրամը իր հերթին պարտավորվում է ֆինանսավորել եկեղեցու վերանորոգման ու վերակառուցման ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմանդրամը Օձունի պատմամշակութային կոթողի վերականգնման վերաբերյալ իրենց մտադրություններն հոկտեմբերի 18-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ամրագրեցին և հաստատեցին Հուշագրի ստորագրումով. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմանդրամի կողմից` հիմնադիր, արմատներով Օձնեցի, ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանը: