«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը», որը կայանալու է հոկտեմբերի 22-26-ը Երևանում և մինչև նոյեմբերի 25-ը Հայաստանի մարզերում, կազմակերպելու է «Ճապոնիայի օր Հայաստանում» ծրագիրը: Ինչպես նշեց փառատոնի կազմակերպիչ «Ռոլան Բիկով ֆոնդ» կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, այսուհետ ամեն տարի փառատոնի շրջանակներում լինելու է որևէ երկրի օր, և այս անգամ դա Ճապոնիան է: Մանուկյանը Ճապոնիայի ընտրությունը պայմանավորեց նրանով, որ այն «Ծագող արևի երկիրն» է, և հայ երեխաների համար շատ տեղեկատվական կլինի:
Ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելի Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվության բաժնի ղեկավար, նախարար-խորհրդական Իսիձե Մատոյուկին, Tokyo Kinder Film Festival-ի հիմնադիր և պրոդյուսեր Միցուո Տահիրան: Կցուցադրվի ճապոնացի հանրահայտ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գորո Միյազակիի «Հեքիաթներ երկրային ծովերից» ֆիլմը, կբացվի «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» ցուցահանդեսը, ինչպես նաև «Նոր անուններ» ծրագրի հայ երեխաները կերգեն ճապոնական երգեր:






