Հոկտեմբերի 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունենալու «Հոմոլյուդենս» (ստեղծագործող մարդ) ծրագրի շնորհանդեսը: Հոլանդացի գրող, դիզայներ Արլետ Վան Լաարը և բանաստեղծ, պատմաբան, դերասան Սերժ Վան Դայնհովենը ներկայացնելու են ստեղծագործող անհատի իրենց աշխարհն ու տեսլականը:
Միջոցառումն իրականանալու է «Գրական տապան. 10 տարի անց» մշակութային ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը:
Ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):
Այս նախագիծը 10 տարի առաջ կայացած «Գրական տապան»-ի շարունակողն է: Ինչպես տասը տարի անց, այս անգամ էլ նախագծի արդյունքում կտպագրվի գրական ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով ներկայացնելու են իրենց խոհերն ու տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական մշակույթի մասին: Նախատեսվում է նաև բացել «Գրական տապան» նախագծի կայքը:






