AM
21 Հոկտեմբեր 2011 - 04:33 AMT

«Գրական տապան. 10 տարի անց». Կընթերցվի Դ. Մուրադյանի «Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսը

Հոկտեմբերի 24-ին Երևանի կամերային պետական թատրոնում տեղի է ունենալու Դ. Մուրադյանի «Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսի բեմական հայերեն և անգլերեն ընթերցումները, որի ստեղծագործական տարբերակների հեղինակներն են լեհ բեմադրիչ Յացեկ Պացոխան, էստոնացի գրող, կինոռեժիսոր Պետեր Սաուտերը և հունգարացի բեմադրիչ Լասլո Գարացին: Բեմադրության ռեժիսորն է Վահան Բադալյանը:

Միջոցառումն իրականանալու է «Գրական տապան. 10 տարի անց» մշակութային ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը:

Ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):

Այս նախագիծը 10 տարի առաջ կայացած «Գրական տապան»-ի շարունակողն է: Ինչպես տասը տարի անց, այս անգամ էլ նախագծի արդյունքում կտպագրվի գրական ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով ներկայացնելու են իրենց խոհերն ու տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական մշակույթի մասին: Նախատեսվում է նաև բացել «Գրական տապան» նախագծի կայքը: