AM
23 Հոկտեմբեր 2011 - 14:02 AMT

Երևանում տեղի է ունենալու “Շատ վեցոտանիների մասին” ֆիլմի համաշխարհային պրեմիերան

«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում» տեղի է ունենալու "Շատ վեցոտանիների մասին" (О многих шестиногих) ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ֆիլմի պրոդյուսեր, հայտնի ռուս մանկագիր և թատերագիր Յուրի Էնտինը: Ֆիլմի ռեժիսորն է նրա խորթ որդին` Լեոնիդ Վորոնցովը: Նրա խոսքով Վորոնցովը շատ փակ երեխա է եղել, ով հետաքրքրվում էր միջատներով: Նա նկարում էր, իսկ Էնտինը գրում: Արդյունքում նրանք իրար հետ պատրաստեցին երեք պատկերագիրք: Մուլտֆիլմում կրկնօրինակում են հայտնի դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Խառատյանը, Իրինա Մուրովյովան և այլն: Կոմպոզիտորն է Դավիթ Թուխմանովը: Մուլտֆիլմը մյուզիքլային է, որտեղ երգում է նաև Էնտինը: Էնտինը շարունակելով իր մտերմիկ զրույցը, ասաց, որ փառատոներ չի սիրում, և առաջին անգամ է կյանքում մասնակցում փառատոնի: Սակայն նա նշեց, որ որպես մասնակից է եկել, չնայած, որ հյուրերի թվում է նշված:

Ֆիլմը Էնտինի դեբյուտն է որպես պրոդյուսեր:

«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» մեկնարկեց հոկտեմբերի 22-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 26-ը: Փառատոնին մասնակցում են 35 երկրից 98 ֆիլմ:

Այս տարի այն ներկայանալու է նոր ծրագրերով: UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից կներկայացվի All by kids և «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրերը: Բացի դրանից Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից 3-ական երեխա մասանկցելու են վարպետության դասընթացի և նկարահանելու են անիմացիոն ֆիլմ: Ֆիլմը ցուցադրվելու է փառատոնի փակմանը:Նոր ծրագրերի թվում է լինելու նաև «Ճապոնիայի օր Հայաստանում» և «Դու մենակ չես… միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովը անվճար վիրահատություններ կանի:

Նախատեսված են հայտնի դերասան Իվար Կալնինշի և թատերագիր Յուրի Էնտինի ստեղծագործական երեկոները: