19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 18-ին Յալթայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը:
Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նրանք նշել են, որ պայմանավորվել են շարունակել սկսած երկխոսությունը, եւ երկու նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբեր ամսին Նյու-Յորքում ՄԱԿ Հազարամյակի գագաթնաժողովի շրջանակներում: Կողմերը եւս մեկ անգամ շեշտել են փոխզիջումների վրա հիմնված հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու է Հայաստանի նախագահը հատկապես կարեւորում տնտեսական համագործակցությունը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այդ դեպքում հակամարտության կարգավորման բանաձեւը շատ ավելի հեշտ կլինի: Նրա խոսքերով, եթե երկրները կապված լինեն ընդհանուր տնտեսական շահերով, դա կօգնի խուսափել ավելորդ կասկածամտությունից եւ բարենպաստ մթնոլորտ կստեղծի հակամարտության կարգավորման համար:–0–