Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Մոսկվայում իր ռուս գործընկեր Միխաիլ Կասյանովի հետ: Ինչպես հաղորդում է ՐԻՍ «Օրեանդան», կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության, մասնավորապես, «գույք պետպարտքի դիմաց» պայմանագրի հետ կապված հարցեր, որի համաձայն ռուսական կողմին կանցնեն մի շարք հայկական ձեռնարկություններ ՌԴ-ի առջեւ ՀՀ պարտքի դիմաց: Կասյանովը տեղեկացրել է, որ Պետդումայի բոլոր կոմիտեները արդեն տվել են իրենց դրական եզրահանգումը այս համաձայնագրի վերաբերյալ, եւ, հետեւաբար, այն կվավերացվի մայիսյան տոներից հետո: Վարչապետները քննարկել են որոշ խնդիրներ, որոնք ծագել են երկու երկրների միջեւ ավիափոխադրումների բնագավառում: Կասյանովը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս այդ խնդիրները կկարգավորվեն: Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությունը էներգետիկ ոլորտում, այդ թվում` Հայկական ԱԷԿ-ի վերալիցքավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի ապահովումը: ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը վերահսկվում է եւ ընթանում է գրաֆիկի համաձայն: Նշենք, որ Ա.Մարգարյանը գտնվում էր Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների Կառավարությունների ղեկավարների խորհուրդի նիստին մասնակցելու կապակցությամբ: