Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2012 թ-ին մասնակցելու է Լոնդոնի միջազգային շեքսպիրյան Globe to Globe փառատոնին: Այն մեկնարկելու է ապրիլի 21-ին և կայանալու է «Գլոբուս» թատրոնում: Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փառատոնի ղեկավարությունն է որոշում, թե որ երկիրը Շեքսպիրի որ ստեղծագործությունն է ներկայացնելու: Հայաստանը ներկայանալու է «Ջոն արքա» ներկայացմամբ: Փառատոնի որոշմամբ ներկայացմանը մասնակցելու է 12 դերասան: Հայկական թատրոնը ելույթ է ունենալու մայիսի 16-ի առավոտյան և 17-ի երեկոյան: Պայմաններից մեկն էլ այն է, որ թատրոնում չպետք է լինի լուսային տեխնիկա, իսկ ձայնային տեխնիկան պետք է հասցվի մինիմալի: Ներկայացման բեմադրիչն է լինելու Տիգրան Գասպարյանը: Փառատոնի նախագահ Թոմ Բըրդը նշեց, որ փառատոնը չունի ժանրային սահմանափակում և կարելի է Շեքսպիրին ներկայացնել բոլոր այն ոճերում, որում թատրոնը ցանկանում է ներկայանալ: Բըրդը նաև հույս հայտնեց, որ Հայաստանի հետ ներկայացմամբ համագործակցության նոր սկիզբ կդրվի:
Փառատոնին այս տարի մասնակցելու են 37 երկրից մեկական թատրոն (Գերմանիա, Բելոռուս, Բրազիլիա, Չինաստան, Իսպանիա և այլն): Յուրաքանչյուր թատրոն հանդես է գալու մայրենի լեզվով, իսկ հանդիսատեսին տրամադրվելու է միայն ներկայացման սինոփսիսը: Ռուսաստանը ներկայացնելու է Վախթանգովի թատրոնը, Վրաստանը` Մարջանիշվիլու թատրոնը:
Փառատոնը շարունակվելու է մինչև հունիսի 9-ը:






