AM
26 Հոկտեմբեր 2011 - 10:33 AMT

Ճապոնացի մասանգետները գործվածքի ռեստավրացիայի դաս կանցկացնեն հայ մասնագետների հետ

Այսօր` հոկտեմբերի 26 -ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց գործվածքի վերականգնման վերաբերյալ սեմինարը: Այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 3-ը: Թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը ծրագրի բացման ժամանակ իր գոհունակությունը հայտնեց, նշելով, որ թանգարանը հարուստ է բազմաթիվ գործվածքներով: Ծրագիրն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը և Ճապոնական հիմնադրամը: Հունիսի 24-ին ՀՀ մշակույթի նախարարությունը և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի միջև ստորագրվեց հուշագիր, որի արդյունքում ՀՊԹ-ում կկազմակերպեն տարբեր սեմինարներ: Սեմինարի շրջանակներում Հայաստանի թանգարանների գործվածքների վերականգնող մասնագետները ծանոթանալու են տեքստիլի պահպանմանը և վերականգնմանը, տեխնիկաներին, մաքրմանը, սոսնձմանը, գոբելենի վերականգնմանը և այլն: Սեմինարները ղեկավարելու է Ճապոնիայի Ջաուշիբի համալսարանի պրոֆեսոր Միե Իշիին: Իշիին իր ելույթի ժամանակ նշեց, որ նրանք իրենց հետ բերել ն ճապոներենից հայերեն թարգմանված ձեռնարկ, ինչպես նաև սարքավորումներ: Սեմինարի ընթացքում շեշտը մասնավորապես դրվելու է ասեղնագործության վրա: Սեմինարի շրջանակներում Հայաստանում են նաև Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կաձայա Տամաուչին, Ճապոնիայի հիմնադրամի ղեկավար Մասակաձու Տակահաշին և այլն:

ՀՊԹ-ում այսօր պահպանվում են բազմաթիվ գործվածքների նմուշներ` սկսած Ուրարտական շրջանից մինչև 19-րդ դարի սկիզբ: Կա 13-րդ դարից պահպանված գորգի կտոր Անիից, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից: Կան «Լաբիրինթ» կոչված ձեռագործ նմուշներ, որի տեխնիկան մինչ այժմ դժվար է բացահայտել:

Վերականգնողական տեխնիկան բավական բարդ է, քանի որ ըստ թանգարանի տնօրենի, ռեստավրացիան չպետք է վերածվի նորոգության: Հաջորդ սեմինարը կայանալու է հաջորդ տարվա հունվարին և վերաբերելու է բրոնզե իրերի վերականգնմանը: