AM
27 Հոկտեմբեր 2011 - 04:14 AMT

Ուրբաթ օրը կայանալու է «Ձուկն առանց ջրի, կամ SUICIDE» պիեսի պրեմիերան

Հոկտեմբերի 28-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալու է Արմեն Խանդիկյանի և թատերագետ Լևոն Մութաֆյանի համատեղ «Ձուկն առանց ջրի, կամ SUICIDE» պիեսի պրեմիերան: Դերերում հանդես են գալու Արթուր Ութմազյանը, Գոհար Իգիթյանը, Գուրգեն Անտոնյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Լիդիա Գրիգորյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Կարեն Միրիջանյանը և այլն:

Այն նվիրվելու է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, համաշխարհային կինոյում և թատերական աշխարհում իր մշտական տեղը հաստատած մեծ դերասան Վլադիմիր Մսրյանի հիշատակին:

Պիեսն ամբողջապես կառուցված է Վլադիմիր Մսրյանի դերասանական առանձնահատկությունների վրա: Թատրոնում անհամբերությամբ էին սպասում բեմադրության առաջնախաղին` վայելելու ականավոր դերասանի տաղանդի նոր դրսևորումը: Սակայն փորձերն ընդհատվեցին դերասանի մահվան պատճառով: Սակայն պիեսի հեղինակները չկամեցան մոռացության մատնել դրամատիկական ստեղծագործությունը և գլխավոր հերոսի` Բարդուղիմիոսի դերում հանդես կգա ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:

Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938թ. մարտի 12-ին Վլադիկովկասում: 1958-62 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64թթ. աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66թթ.` Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնում, 1966-ից` Երևանի դրամատիկական թատրոնում: Մսրյանը նկարահանվել է 19 ֆիլմերում:

Համամիութենական մասշտաբով նա անվանի դարձավ «Նիկոլո Պագանինի» ֆիլմից հետո: Մահացել է 2010 թ-ի օգոստոսի 24-ին արյան քաղցկեղից: