AM
27 Հոկտեմբեր 2011 - 06:19 AMT

Անահիտ Բախշյանն առաջարկել է վերանվանել Հայաստանը ոստիկանապետության

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն առաջարկել է վերանվանել Հայաստանը ոստիկանապետության: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով այն, որ մի քանի տասնյակ ոստիկաններ հավաքվել են կառավարության շենքի առջև, փակել են բոլոր մուտքերը՝ պատրաստվելով բողոքի ակցիաներին: «Սա ի՞նչ ժողովրդավարություն է, ի՞նչ սահմանադրություն, երբ ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց արտահայտվել»,-վրդովվել է պատգամավորը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, նիստը լուսաբանելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները ստիպված են եղել վիճաբանության մեջ մտնել ոստիկանության հետ:

Այսօր ակնկալվում է բողոքի երկու ակցիա. շենքի առջև արդեն հավաքվել են զոհված զինվորների մայրերը, ակնկալվում է նաև բնապահպանների ակցիա, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի, որտեղ նախատեսվում է ՀԷԿ կառուցել: