AM
27 Հոկտեմբեր 2011 - 10:42 AMT

Սոնա Շահգելդյանը դեմ չէ մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին

Հայտնի երգչուհի, «Նոր ալիք 2010» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը խոստովանեց, որ համաձայն է գնալ Բաքու և մասնակցել «Եվրատեսիլ 2012» մրցույթում: Մամլո ասուլիսի ժամանակ Շահգելդյանը խոստովանեց, որ այսքան տարի չի մասնակցել մրցույթի հայաստանյան ընտրական փուլին, որովհետև մասնակիցները նախորոք պարզ էին, մարդիկ ամիսներ առաջ են խոսում: Նա նաև նշեց, որ ի տարբերություն մյուս մասնակիցների, ովքեր մրցույթներին մասնակցում են մասնակցելու համար, նա միշտ հաղթանակի ակնկալիքով է մասնակցում: Լրագրողների այն հարցին, թե ում կցանկանար տեսնել «Եվրատեսիլ 2012»-ում, նա ասաց, որ անուններ չի տա, որովհետև ուրիշ երգիչներ իր անունը չեն տալիս:

Շահգելդյանի կարծիքով սխալ է «Եվրատեսիլյան» ելույթների համար դիմել օտարազգի բեմադրիչների և պարուսույցների օգնությանը, քանի որ դա օտարամոլություն է: Նույնը նա ասաց նաև հագուստների ընտրության մասին: Իսկ ինչ վերաբերում է մրցութային երգում ազգային գործիքների կիրառմանը, Շահգելդյանը երկու ձեռքերով կողմ է, եթե այն ճիշտ և տեղին է օգտագործվում:

Այնուամենայնիվ Սոնան իր նախապատվությունը տալիս է «Նոր ալիք» մրցույթին, որովհետև այնտեղ աշխատում է պրոֆեսիոնալ ժյուրի, իսկ «Եվրատեսիլում» ժյուրին քաղաքականացված է: