Առայժմ հայտնի չէ, թե ինչ նոր գաղափարներ են մտադիր առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ ինչ են նրանք մտադիր քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից պետությունների ղեկավարների հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայտնի է միայն, որ նոր գրավոր նախաձեռնություններ չպետք է ակնկալել: Ավելի որոշակիորեն այդ մասին կարելի կլինի խոսել հակամարտության տարածաշրջան համանախագահների այցից հետո, ասել է Վ.Օսկանյանը: Նա մեկ անգամ եւս նշել է հակամարտության կարգավորման «փարիզյան» սկզբունքների իրատեսական լինելը, որոնք ճիշտ են արտացոլում իրավիճակը: «Հուսով ենք, որ կմնանք այդ գործընթացի շրջանակներում», – նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: