AM
28 Հոկտեմբեր 2011 - 13:09 AMT

Հայկ Մելիքյանն ավարտեց իր շրջագայությունները. սպասվում են համերգներ Երևանում

Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը ավարտեց իր եվրոպական շրջագայությունները, որոնք բավական հագեցած էին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում դաշնակահարը պատմեց, որ Շվեյցարիայում համերգներ ունեցավ հայտնի սոպրանո երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանի հետ, ինչպես նաև Ժնևում աշխարհի տարբեր երկրներից 50 դաշնակահարների հետ մասնակցեց «Festival de Piano de Geneve» փառատոնին:

Շվեյցարիային հաջորդեց Ամստերդամը, որտեղ նա մասնակցեց «Geelvinck Music Festival»-ին և կատարեց իտալական բարոկ երաժշտություն: Ամստերդամից նա ուղևորվեց Փարիզ, և մասնակցեց Լիստի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին (ներկայացվեցին նաև 20-րդ դարի հունգարացի կոմպոզիտորների աշխատանքներ): Երկրորդ համերգում հնչեցին բացառապես կին կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Այժմ Մելիքյանը Երևանում է և նրա հայ երկրպագուները նույնպես հնարավորություն կունենան վայելել Մելիքյանի կատարումները Երևանում: Նոյեմբերի 25-ին կայանալու է նրա մենահամերգը` նվիրված լեհական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը: Համերգը “1900+” համերգաշարի չորրորդ միջոցառումն է, որը կազմակերպվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ միասին: Բացի դրանից, սպսավում է համատեղ գեղեցիկ երեկո նկարչուհի Մոկոյի հետ` Ժամանակակից արվեստի թանգարանում:

Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար դաշնակահարներից է: Ծնվել է Երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում` պրոֆ.Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Հ.Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է Հռոմում` «Concerto Di Concerti» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Մեքսիկայում և այլուր: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների հաղթող է: