AM
29 Հոկտեմբեր 2011 - 06:50 AMT

Ավարտվեց հայ ազգային կինոյի «Կինոաշուն 2011» ծրագիրը

Հոկտեմբերի 28-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Կինոաշուն 2011» ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրը կազմակերպել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը իր ելույթում նշեց, որ ծրագրի շրջանակներում ներկայացվեց հայ ազգային կինոն, որի պատճառով էլ այն աննախադեպ էր: Նա նաև հույս հայտնեց, որ հետագայում էլ ծրագրի շրջանակներում կլինեն լեցուն դահլիճներ:

Ծրագիրը մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին Գորիսում, Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմով: Բացի մարզկենտրոններից, ֆիլմեր են ցուցադրվել նաև փոքր քաղաքներում և գյուղերում: Այս տարվա ծրագրում շեշտը դրվել էր վերջին 20 տարիների ընթացքում ստեղծված ֆիլմերի վրա, սակայն չի մոռացվելու հին հայկական կինոն: Հաշվի են առնվել նաև դիտողների ցանկությունը:

Երևանում կինոցուցադրությունները կայացան բոլոր համայնքներում: Երևանյան ցուցադրությունները կայացան «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» արվեստի միությունում, Սիրահարների այգում, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում և այլուր: Բոլոր ցուցադրությունները անվճար էին:

Բացի ֆիլմերի ցուցադրություններից, ծրագրի շրջանակներում տեղի ունեցան 3 գրքերի շնորհանդեսներ, որոնցից մեկը վերաբերում էր հայ կինոգործիչներին, մյուս երկուսը` Ռոբերտ Սահակյանցին և Դմիտրի Կեսայանցին, ինչպես նաև նշվել են Դմիտրի Կեսայանցի 80-ամյա և Հովիկ Հախվերդյանի 75-ամյա հոբելյանները:

«Կինոաշուն – 2011»-ն անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Կինոաշուն 2011»-ը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: