Ֆեյսբուքյան «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը ստորագրահավաք է սկսում ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Ջրվեժի պաշտպանները ՀՀ կառավարությունից պահանջում են. «արգելել Չիչխան գետի վրա «Թռչկան» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը, որով կխաթարվի ՀՀ բնության հուշարձան համարվող Հայաստանի ամենաբարձր` Թռչկան ջրվեժի բնաստեղծ տեսքը», հայտնում է «ԷկոԼուրը»:
«ԷկոԼուր»-ը միանում է ստորագրողներին եւ կոչ անում բոլորին նույնպես միանալ ստորագրահավաքին եւ պայքարել հանուն Թռչկանի պահպանման:
Միաժամանակ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը շուրջօրյա հերթապահություն է սահմանել ջրվեժի մոտ եւ հանդես է եկել կոչով` աջակցել ակցիային, որպեսզի թույլ չտրվի Թռչկանի մոտ շարունակել շինարարական աշխատանքները: Հայտարարության մեջ ասված է. «Կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը:
Հենց հիմա այստեղ՝ Թռչկանի մոտ, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում (0 աստիճան և անընդհատ տեղացող ձյուն ու անձրև) ընկերովի հերթապահում ենք՝ տեր կանգնելով մեր Թռչկանին: Իսկ ինչո՞ւ ենք մենք մեր առօրյա հոգսերը թողել ու եկել այստեղ. որովհետև մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սերը ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ, բայց համոզված ենք, որ մենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ միայնակ չենք սիրում, մեզ սատարում ու աջակցում են քեզ պես բազմաթիվ ուրիշ երիտասարդներ… և եթե դու նրանցից մեկն ես, անպայման միացիր մեր պայքարին, հիմա մենք հենց ՔՈ օգնության կարիքն ունենք:






