AM
3 August 2000 - 13:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՒՆԱԿԱՆ ՕՏԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՐԱԳՐԵՑԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

03.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի հեռահաղորդակցության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հունաստանի փոստի ու հեռահաղորդակցության փոխնախարար Վուլղարիս. Ալեքսանդրոսի, Հունաստանի հեռահաղորդակցության կազմակերպության / OTE / նախագահ Նիկլոս Մանասիսի:
Ողջունելով հյուրերին, Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ երկու տարի առաջ Արմենթելի սեփականաշնորհման վերաբերյալ OTE հետ կնքած գործարքը ոչ միայն առաջիններից էր, այլեւ` ամենախոշորը եւ հանձին OTE Հայաստանը ձեռք է բերել լուրջ գործընկեր:
Օգոստոսի 2-ին երկօրյա բանակցությունների արդյունքում Հայաստանի կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, եւ Հունաստանի հեռահաղորդակցության կազմակերպությունը ստորագրել են Արմենթելի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հանրապետության նախագահին ներկայացնելով փաստաթղթի հիմնական դրույթները, պարոն Մանասիսը հույս է հայտնել, որ այն Արմենթելին հնարավորություն կտա ավելի լիարժեք իրականացնել իր գործունեությունը: Հուշագրում տեղ են գտել Արմենտելի վաճառքի պայմանագրի ստորագրումից հետո կուտակված հարցերը: Նիկլոս Մանասիսի խոսքերով, խնդիրների ծագման հիմնական պատճառ են դարձել ազատ շուկայի վերաբերյալ տարբեր ընկալումները եւ ազգային օրենսդրությունների տարբերությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վիճելի բոլոր հարցերն այսուհետ դարձնել երկուստեք լուրջ եւ մանրակրկիտ քննարկման առարկա
Ըստ Հունաստանի հեռահաղորդակցության կազմակերպության նախագահի, OTE Աթենքի, Նյու-Յորքի ֆոնդային բորսաների անդամ է, եւ այստեղ ներկայացված է ինչպես պետական սեկտորն, այնպես էլ բաժնետերեր կան ամերիկյան ու եվրոպական տարբեր երկրներից: Նա նաեւ ասել է, որ մտադիր են Արմենտելի բաժնետերերի միջեւ ստորագրել պայմանագիր, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել ընկերության կառավարումը: Նիկլոս Մանասիսը վստահեցրել է, որ մինչ նոյեմբեր ամիսը` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Հունաստան, ձգտելու են կարգավորել բոլոր խնդիրները:
Հանրապետության նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական խնդիրներ գոյություն չունեն, կան փոխշահավետ շփումների բազմաթիվ ընդհանուր եզրեր, որոնք երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու լուրջ հնարավորություն են: –0–