AM
2 Նոյեմբեր 2011 - 05:27 AMT

Անգլիացի նկարիչ Ռիս Ուայթհեդի առաջին անհատական ցուցահանդեսը կկայանա Երևանում

Այսօր` նոյեմբերի 2-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի երիտասարդ անգլիացի նկարիչ Ռիս Ուայթհեդի անհատական ցուցահանդեսը: Այն կոչվում է «Հայաստան1» և նկարչի առաջին անհատական ցուցահանդեսն է: Ցուցահանդեսում կներկայացվեն 12 աշխատանքներ, որոնցից 2-ը 2-ական նկարների միացում է:

Ռիս Ուայթհեդի աշխատանքերի այս շարքը հիմնված է իր` Հայաստանում գտնվելու փորձառության վրա: Նա Հայաստան է եկել սեպտեմբերի 4-ին և կմնա մինչև նոյեմբերի վերջ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նկարիչն ասաց, որ աշխատանքներն արվել են Հայաստանում, բայց դրանք Հայաստանի մասին նկարներ չեն, այլ զգացմունքներն են, որոնք նա ստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ: Նա Հայաստան է եկել ստեղծագործելու, քանի որ, ըստ նրա, անհրաժեշտ էր փոխել մթնոլորտը նորովի ստեղծագործելու համար:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 12-ը: Ցուցահանդեսի աջակիցն է Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակը: