ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքել է լուրերն այն մասին, որ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի Աբրահամյան-Ծառուկան տանդեմը թուլացնելու մտադրությամբ: «Մեր ԶԼՄ-ները մեկ սցենար են ընտրել՝ սենսացիա: Ամեն ինչում փորձում են ինչ-որ սենսացիոն բան գտնել»,-ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում:
Սահակյանն ընդգծել է, որ Աբրահամյանի հրաժարականը կապված է միայն խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու հետ: «Դա բավականին լուրջ պատասխանատվություն է և Հովիկ Աբրահամյանն ինքն առաջարկեց հրաժարական տալ, նախընտրական աշխատանքների կազմակերպման վրա կենտրոնանալու համար»,-ասել է նա:
Նա նաև հավելել է, որ ՀՀԿ-ն, որպես առաջատար կուսակցություններից մեկը, մեծ պատասխանատվություն է կրում ընտրությունների պատշաճ կազմակերպման համար, «ուստի մենք պետք է կարողանանք միավորել մեր ակտիվն ու մեր հետևից տանել»:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:






