AM
1 August 2000 - 12:29 AMT

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵՑ «ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱԿՏԻ» ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ

01.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ` «Հարավային Կովկասում կայունության պակտի» համահեղինակներ Մայքլ Էմերսոնին եւ Նատալի Տոչչիին:
Ողջունելով հյուրերին` ԼՂՀ նախագահը նշել է, որ թեեւ «Կայունության պակտի» ոչ բոլոր դրույթներն են միանշանակ ընդունելի ԼՂ-ի համար, այնուամենայնիվ, նախագծի հեղինակների մտահոգությունը տարածաշրջանի խնդիրներով վկայում են միջազգային հանրության` Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման շահագրգռվածության մասին:
Պրն. Էմերսոնը նշեց, որ տարածաշրջան կատարած իր այցը ճանաչողական բնույթ ունի: Նշելով, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումների ժամանակ հնարավորություն է ունեցել տեղում ծանոթանալու այդ երկրների մոտեցումներին տարածաշրջանի ապագայի եւ նախագծում տեղ գտած դրույթների վերաբերյալ, նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտ կատարած իր այցը նույնպես այդ նպատակն է հետապնդում:
Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որի ընթացքում նախագահ Արկադի Ղուկասյանը ներկայացրեց ղարաբաղյան կողմի մոտեցումները հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
Հանդիպման վերջում ԼՂՀ նախագահը` մատնանշելով համանամնան հանդիպումների կարեւորությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացում, ընդգծեց, որ դրանք կարող են նպաստել կողմերի դիրքորոշումների հստակեցամանն ու նրանց միջեւ փոխվստահության հաստատմանը: –0–
ՄԵԴԻԱՄԱՔՍ