AM
2 Նոյեմբեր 2011 - 12:31 AMT

ՀՀԿ-ն պաշտոնական մեկնարկ տվեց նախընտրական արշավին, գտնում է Հովիկ Աբրահամյանը

Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ իր հրաժարականով և ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնում նշանակումով ՀՀԿ-ն մեկնարկ տվեց Հայաստանում նախընտրական արշավին: Այդ մասին նա հայտարարել է հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար կարևոր է, որ ընտրությունները լինեն արդար, թափանցիկ ու ազնիվ, ասել է Հովիկ Աբրահամյանը:

«Եթե որոշ քաղաքական ուժեր պատասխանատվություն չեն կրում Հայաստանի ապագայի համար, ապա ես գտնում եմ, որ ՀՀԿ ղեկավարը, երկրի նախագահը, պատասխանատու է ապագայի համար: Նա ևս պատասխանատու է, պետք է ամեն ինչ անի 2012թ. արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար»,-հայտարարել է նա: Աբրահամյանը հավելել է, որ այդ համատեքստում է նա տեսնում կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքը: «Եթե մենք չկարողանանք նման ընտրություններ անցկացնել, նշանակում է, բոլոր մեր բարեփոխումները ինչ-որ չափով զուր են»,-հավելել է նա:

Այն հարցին, թե ըստ օրենքի կարող է նա արդյոք համատեղել երկու պաշտոնները, Աբրահամյանն ասել է, որ հրաժարականի մասին իր դիմումում նա ցանկանում էր իր հավատարմությունը հաստատել նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, ցույց տալ, որ պաշտոններն իրեն չեն հետաքրքրում:

Ինչ վերաբերում է ԱԺ խոսնակի պաշտոնում իր գործունեությունը գնահատելուն, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, որ գնահատական պետք է տան քաղաքական ուժերը, մասնավորապես, խորհրդարանի կոալիցիոն ու ընդդիմադիր կուսակցությունները: Ընդ որում, նա հավելել է, որ «3 տարում իրեն հաջողվել է կազմակերպել ԱԺ բնականոն աշխատանքը»:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: