«Չեմ կարծում, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակով աջակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, օրենքի ուժ ունի կամ կարող է մեկնարկ տալ կոնկրետ գործընթացի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Սակայն, փորձագետի խոսքով, այդ հայտարարությունը միաժամանակ մտահոգություն է առաջացնում, քանի որ դա վկայում է այն մասին, որ Թուրքիան իր հայտարարություններով և քայլերով հասնում է ցանկալի արդյունքին: «Այնուամենայնիվ, գտնում եմ, որ հայկական կողմի համար Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան գործընթացի մեջ անընդունելի է, քանի որ երկիրն ադրբեջանամետ դիրքորոշում ունի և չի կարող օբյեկտիվություն ցուցաբերել»,- նշել է Մելքոնյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանն այդ հարցում, հայ փորձագետն ասել է, որ, քանի որ Զաննիերը պաշտոնական հայտարարություն է կատարել, հայկական կողմը նույնպես պետք է նման հայտարարությամբ հանդես գա, որով կներկայացնի իր դիրքորոշումն այդ հարցում:






