Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» և Սեդա Մուրադյանի ու Արսեն Գասպարյանի «Տնից տուն» ֆիլմերը կմասնակցեն Մինսկի «Լիստապադ» 18-րդ միջազգային փառատոնում: Այդ մասին հայտնում է փառատոնի կայքը: Ֆիլմերն առաջադրված են երիտասարդական ոչ խաղարկային ֆիլմերի անվանակարգում: Փառատոնը կայանալու է նոյեմբերի 5-12-ը:
Հարություն Շատյանը ծնվել է 1985 թվականին: Զինծառայությունից հետո` 2006-ին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժին: «Բեռնելով կյանքս» ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն է: Այն դարձել է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը, ինչպես նաև նաև արժանացել է «Նուարդ» մրցանակին: Նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ ֆիլմը կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին: Բացի դրանից, այդ ֆիլմն այս տարի մասնակցել է նաև Անապայի «Կինոշոկ» փառատոնին:
«Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով:






