Հայաստանում հեղինակային իրավունքները ոտնահարվում են ամենուր` նույնիսկ սուպերմարկետներում, մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայհեղինակ» ՀԿ նախագահ Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով, ժամանցի վայրերը և սուպերմարկետները պարտավոր են վճարել տարեկան 40.000 դրամ գումար, իսկ ռեստորանները` մոտ 100.000 դրամ երաժշտություն միացնելու համար: Ներսիսյանը շեշտեց, որ եթե հասարակական վայրում նույնիսկ ռադիո է միացվում, էլի հրապարակային կատարման իրավունք է խախտվում: Բացի երաժշտությունից, գրեթե ամեն ոլորտում տեղի է ունենում հեղինակային իրավունքի խախտում: Օրինակ` մինչ այժմ նկարիչ Մարտիրոս Սարյանի հարազատները պայքարում են նկարչի աշխատանքների անօրինական օգտագործման դեմ, որից դեռ չլուծված հարց է մնում ՄԱՊ ընկերության կողմից Սարյանի նկարի անօրինական օգտագործումը:
Ինչ վերաբերում է խտասկավառակների վրա դրոշմապիտակների բացակայությանը, ապա Ներսիսյանն ասաց, որ կան ընկերություններ, որոնք ցանկանում են օրինական կերպով աշխատել, դիմել են հարկային մարմիններին, որպեսզի ստանան իրենց դրոշմապիտակները, սակայն դեռ ոչ մի պատասխան չեն ստացել:
PanARMENIAN.Net ի թղթակցին Ներսիսյանը նաև պատմեց, որ «Հայհեղինակ»-ը անընդհատ պայքարում է հեղինակային իրավունքների ոտնահարման դեմ, նույնիսկ բարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունների հետ: Նրա խոսքով որոշ հեռուստաընկերություններ իրենց շոուներում օգտագործում են երգեր, որոնց կատարման թույլտվությունը չունեն:
Կա ևս մեկ նրբերանգ: Եթե լրացել է հեղինակի մահվան 70 տարին, ապա արդեն հեղինակային իրավունքների մասին օրենքները չեն գործում: Եթե ռեստորաններում ասմունքում են Չարենցի բանաստեղծությունները, հեղինակային իրավունքի ոտնահարում չի լինում:
Այնուամենայնիվ, Ներսիսյանը դրական տեղաշարժ նկատում է: «Հայհեղինակ» ՀԿ-ն այս տարի նշելու է իր հիմնադրման 10-ամյակը: Այդ առիթով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու հոբելյանական համերգ, որին մասնակցելու են մի շարք հայտնի մարդիկ:






