Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում 2-րդ անգամ կբացվի Ուկիյո -է փայտափորագրության ցուցահանդեսը: Առաջին անգամ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվել է 1994 թ-ին: Այն նվիրվելու է 2 երկրների կառավարության կողմից Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և ՀՀ մշակույթի նախարարության միջոցով Ազգային պատկերասրահին գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված տեխնիկայի տրամադրմանը: Սույն միջպետական միջոցառման իրականացումը վերազինել է ՀԱՊ-ի վերականգնողական արվեստանոցը ճապոնական առաջատար տեխնիկայով:
Ցուցահանդեսի գործընկերներն են «Հիկարի» հայ ճապոնական գիտակրթամշակութային կազմակերպությունը և «Ջեյ Թի ինթերնեյշնլ Լյուքսեմբուրգ էս էյ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են լինելու Ռուսաստանի դաշնությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր:
Ուկիյո-է ճապոնական փայտափորագրությունը, որը ստեղծվել ու զարգացել է XVII-XVIII դդ., առանձնահատուկ երևույթ է համաշխարհային մշակույթում: Ուկիյո-է փայտափորագրության վարպետներն իրենց ստեղծագործությամբ կերտում էին առօրյայի պոեզիան: Առօրյայի գեղագիտական արժեքի հաստատումն արտահայտվեց բուն անվանման մեջ, փոխառված բուդդիստական տերմինաբանությունից, ուր այն օգտագործվում էր մարդու աշխարհիկ կյանքի բնորոշման համար, իսկ 1682 թվականին առաջին անգամ կիրառվեց նոր ուղղության նշման համար:






