Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր` որոշել քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման օրը: Նիստը վարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նա հիշեցրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 28-ին, իսկ արդեն նոյեմբերի 2-ին դուրս է եկել նաև ավագանու կազմից:
«Առաջարկում եմ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 15-ին»,-ասաց Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հրաժարականից հետո մեկ ամսյա ժամկետում: Ավագանու 52 անդամներից ներկա էին 43-ը: Առաջարկությունն անցավ միաձայն` 43 կողմ, ոչ մի դեմ և ձեռնպահ:






