AM
5 Նոյեմբեր 2011 - 09:39 AMT

Երևանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

Նոյեմբերի 8-12-ը Երևան և Գյումրի քաղաքներում կայանալու է ճապոնական ֆիլմերի փառատոն, որը կազմակերպել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և hայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն: Միջոցառմանը աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Ինչպես հայտնում է «Հիկարի»-ից ուղարկված հաղորդագրությունը, փառատոնի շրջանակներում ներկայացվելու են 5 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:30 «Մոսկվա» կինոթատրոնում, որին կհաջորդի «Այկի» ֆիլմի դիտումը: Բացման արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկախիտո Խարադան, մի խումբ ճապոնացի պաշտոնյաներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնյա անձիք:

Փառատոնի ընթացքոմ ցուցադրվող ֆիլմերի մուտքը լինելու է ազատ:

ՀՀ-ում ճապոնական ֆիլմերի փառատոնը վերջին անգամ անցկացվել էր 2006 թվականին՝ ՀՀ մշակութային նախարարության աջակցությամբ:

2005թ. օգոստոսին «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցին հայ երեխաներն առաջին անգամ աշխարհում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստված կռունկներ և լապտերներ, որպես հարգանքի տուրք ռմբակոծության զոհերի հիշատակին և որպես կոչ ընդդեմ պատերազմների: Ամբողջ աշխարհի համար դա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում ռմբակոծության զոհերին̀ լապտերներ ուղարկելով Ճապոնիա: Այս ծրագրի արդյունքում 2010թ ստեղծվեց «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որի գործունեությամբ հիմք դրվեց Երևան-Հիրոսիմա քույր քաղաքներ հռչակելու գործընթացին: