26.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանյան «ԻՏԵՐԱ» ընկերությունը, որը հեռացվել էր Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին մրցույթին մասնակցությունից, ըստ ամենայնի, մտադիր չէ հրաժարվել հետագա պայքարից:
«ԻՏԵՐԱ-Հոլդինգ» ընկերության նախագահ Վալերի Օտչերցովը հուլիսի 24-ին Փրայմ-Տասս գործակալությանը տված հարցազրույցում ասել է.
«Հայաստանի խորհրդարանը որոշել է դադարեցնել սեփականաշնորհման գործընթացը ըստ նախապես որոշված ծրագրի: «ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ռոսէներգոատոմ» ընկերությունների հետ համատեղ մենք Հայաստանի կառավարությանը առաջարկել ենք ստեղծել համատեղ ձեռնարկություն` հայ էներգետիկների, «ՌԱՕ ԵԷՍ»-ի, «Ռոսէներգոատոմ»-ի եւ «ԻՏԵՐԱ»-ի մասնակցությամբ`էներգետիկ ցանցերը համատեղ շահագործելու նպատակով: Դժվար է կանխատեսել, թե Հայաստանի իշխանությունները ինչ որոշում կընդունեն այս կապակցությամբ, եւ ինչ չափաբաշին կարող է ունենալ «ԻՏԵՐԱ»-ն համատեղ ձեռնարկության ստեղծման դեպքում: Մեզ առանձնապես չի մտահոգում մեր մասնակցության ծավալը այս նախագծում: Չափազանց կարեւոր է, որպեսզի գազից ստացվող էլեկտրաէներգիայի հաշվարկների ժամանակ միջոցները ուղղվեն ըստ նշանակման, եւ որպեսզի սկսվեն աշխատանքներ լրացուցիչ եկամուտ բերող նախագծերի իրականացման ուղղությամբ: Ես ի նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա էլեկտրաներգիայի արտահանման նախագծերը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել էր, որ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն միայն 4 ընկերություններ` ամերիկյան «AES Silk Road», շվեյցարա-շվեդական «ABB», ֆրանսիական «Electricite de France» եւ իսպանական «Union Fenosa» ընկերությունները: –0–