Ինչպես արդեն նշվել էր, Հայաստանում անցկացվելու է Ճապոնական ֆիլմերի փառատոն: Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փառատոնում ներկայացված են ինչպես ճապոնական ֆիլմերի «Ոսկե դարը», այնպես էլ այսօրվա ճապոնական կինոյում թելադրող կինոոռեժիսորների աշխատանքները: Նա նաև հավելեց, որ այդ ֆիլմերը ավելի պարզ կերպով ներկայացնում են այն հարցերը, որոնք հուզում են բոլորին`ճապոնական մինիմալիզմի յուրահատկությամբ: Մովսիսյանը նաև ուրախություն հայտնեց, որ փառատոնը չի կենտրոնացել մայրաքաղաքում, այլ նաև կայանալու է Գյումրիում:
Հայաստանի Այկիդո Այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը իր հերթին նշեց, որ բացման ֆիլմի` «Այկի»-ի գլխավոր հերոսի պատմությունը իրական է և պատմում է իր ուսուցչի մասին:
«Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանը ասաց, որ կարճ ժամանակահատվածում է փառատոնը կազմակերպվել և այդ իսկ պատճառով միայն 5 ֆիլմ հաջողվեց ներկայացնել փառատոնում: Ֆիլմերը լինելու են բնօրինակի լեզվով և ռուսերեն ենթագրերով: Ճապոնական ֆիլմերի փառատոնի նպատակն է հայ կինոսերին ծանոթացնել ճապոնական կինոյի հետ և մշակութային համագործակցության նոր եզրեր գտնել երկու երկրների միջև: Ֆիլմերի ընտրությունը պատկանում է Ճապոնիայի դեսպանատանը: Փառաոտնի առիթով Հաաստան են ժամանել դեսպանատան ներկայացուցիչներ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:30 «Մոսկվա» կինոթատրոնում և կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը: Գյումրիում փառատոնը կայանալու է նոյեմբերի 11-12-ը: Միջոցառմանը աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:






