Նոյեմբերի 8-10-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն:
Այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում, ինչպես նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Նորվեգիայի և Հայաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:






