Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է եգիպտական լուսանկարչական արվեստի, նաև եգիպտահայ մեծանուն ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսները: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 10-ը: Ալեքսանդր Սարուխանը եգիպտահայ այն ծաղրանկարիչներից է, ում աշխատանքները տեղ են գտել արաբական և միջազգային բազմաթիվ շաբաթաթերթերում և ամսագրերում: Ցուցահանդեսում ներկայացված են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահված Սարուխանի շուրջ 2000 աշխատանքներից 50 նմուշներ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում ԵԱՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ Էլ-Լեիսին, ԵԱՀ մշակույթի նախարարի խորհրդական, արտաքին հարաբերությունների գործակալության ղեկավար Հուսամ Նասսարին, ում բանաստեղծությունների «Մոլորված` փնտրում եմ երկիր» խորագրով ժամանակակից պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը (արաբերենից տողացի թարգմանությունը` Հովհաննես Ասատրյանի, բանաստեղծության վերածումը` Հովիկ Հովեյանի) տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին` Հայաստանի գրողների միությունում: Միջոցառումն իրականացել է Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակններում:
Նոյեմբերի 4-11-ը Հայաստանում անցկացվում են Եգիպտոսի մշակույթի օրեր: Այդ առթիվ Հայաստան է ժամանել եգիպտական պատվիրակությունը (թվով 46 մասնակից)` ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ (արտաքին հարաբերությունների գծով) Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարի գլխավորությամբ: Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում կստորագրվի «ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր:






