25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Միացյալ Նահանգները աջակցում են զինադադարի պահպանմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ողջունում են երկու պետությունների նախագահների բանակցությունները, որոնք նպատակ ունեն հասնել փոխընդունելի խաղաղ համաձայնագրին:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մամլո գրասենյակում, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ուիլիամ Քոենը` այցով ԱՄՆ-ում գտնվող իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է ԱՄՆ: «Մենք հավատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանը եւ ԱՄՆ-ը կսկսեն իրականացնել ռազմական համագործակցություն: Հուսով ենք, որ Ղարաբաղյան խնդիրը շուտով կլուծվի», – ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: –0–