19.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մենք խաղաղություն ենք ցանկանում ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այնպես էլ ողջ Կովկասում, այդ պատճառով էլ մենք համբերել ենք: Սակայն մեր համբերությունը անսահման չէ: Եվ դուք, եւ Մինսկի խումբը, եւ ՄԱԿ-ը պետք է գիտակցեք, որ անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ անարդարությանը»: ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտա Ֆերերո-Վալդների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:
Ալիեւի խոսքերով, հակամարտության կողմերը պետք է գնան փոխզիջումների, ընդ որում անհրաժեշտ է հաշվի առնել, որ «Ադրբեջանը հանդիսանում է տուժող կողմ»:
Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ բավարարված է հանդիպման արդյունքներով, եւ գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակեն ուղիղ երկխոսությունը, ԵԱՀԿ-ը ուժեղացնի իր ջանքերը այս ուղղությամբ, իսկ Մինսկի խմբի համանախագահները մշտապես զբաղվեն այս խնդրով, գտնում է Հեյդար Ալիեւը:
Հայտարարելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը` ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ կատարվել է եւս մեկ քայլ այս ուղղությամբ` ազատ են արձակվել ադրբեջանցի 6 ռազմագերիներ: –0–