17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԵԱՀԿ Գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Բենիտա Ֆերրերո-Վալդները երեկ երեկոյան ժամանեց Երեւան: Այսօր նա կհանդիպի նախագահ Քոչարյանին, վարչապետ Մարգարյանին, ԱԳ նախարար Օսկանյանին: Սա Բենիտա Ֆերրերո-Վալդների առաջին այցն է տարածաշրջան` ԵԱՀԿ Գործող նախագահի պաշտոնում:
Մայիսին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված իր բացառիկ հարցազրույցում Ֆերրերո-Վալդները ասել էր, որ խաղաղ գործընթացի նոր հեռանկարներից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` նպաստել տարածաշրջանի տնտեսության վերականգմանը: «Տնտեսական կայունության գործոնը չափազանց կարեւոր է, եւ ես վստահ եմ, որ միջազգային խորհրդակցությունները անհրաժեշտ է սկսել այս պահին, նախքան հակամարտության վերջնական կարգավորումը», – ասել էր նա:
ԵԱՀԿ Գործող նախագահը նշում էր, որ կարգավորման գործում շատ բան կախված է լինելու «նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի արդյունավետ երկխոսության շարունակությունից»: Նրա խոսքերով, երկու նախագահների երկխոսությունը ունի վճռորոշ նշանակություն: «Կանոնավոր հարաբերությունները երկու ղեկավարների միջեւ մի նոր «դարաշրջան» են բացել խաղաղ գործընթացում», – ասել էր Ֆերրերո-Վալդները:
Մեկնաբանելով ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ 3 երկրների միջնորդական ջանքերը, Ֆերրերո-Վալդները նշեց. «Համատեղ ջանքերը ունեն մեծ նշանակություն. այն փաստը, որ Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունները շարժվում են նույն ուղղությամբ, արդեն կարեւոր գործոն է կարգավորման գործընթացում: Իհարկե, Ռուսաստանի դիրքորոշումը վճռոորոշ դեր ունի, եւ ես ողջունում եմ նախագահ Պուտինի հայտարարությունը, որը վկայում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ռուսաստանի շահագրգռվածության մասին»: –0–