17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ շեշտել է, որ երկրի ղեկավարությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս բուհերի ընդունելության քննությունների ողջ գործընթացին:
Նշելով, որ քննությունների ընթացքի նկատմամբ հասարակության ուշադրությունը շատ մեծ է, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ քննական հանձնաժողովների ղեկավարները հանձն են առել մի գործ, որը ոչ միայն պատվաբեր է, այլեւ` խիստ պատասխանատու: Նրա խոսքերով, պետք է անել հնարավոր ամեն ինչ` բացառելու ցանկացած անարդարություն: Նախագահն ընդգծել է, որ հանձնաժողովների աշխատանքին պետական օղակների կողմից որեւէ միջամտություն կամ ճնշում պետք է բացառվի, եւ առաջարկել է խնդիրներ ծագելու դեպքում անմիջապես ահազանգել:
Ռոբերտ Քոչարյանը մեծապես կարեւորել է նաեւ քննությունների ընթացքի թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը:
Կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության քննությունների նկատմամբ դրսեւորած մեծ ուշադրության համար եւ նշել է, որ քննարկան բոլոր հանձնաժողովները կաշխատեն արդարացնել իրենց նկատմամբ ցուցաբերած վստահությունը:
Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել հանձնաժողովների նախագահներին` իրենց պատասխանատու աշխատանքում: -0-