AM
17 July 2000 - 11:12 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Սիզ Վիտեբրուտին:
Զրուցակիցները քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության ողջ համալիրը: Նրանք մեծ կարեւորություն են տվել Եվրամիության եւ Անդրկովկասյան պետությունների ստորագրած գործընկերության ու համագործակցության համաձայնագրին, որի շրջանակներում արդեն իսկ գործում են համագործակցության խորհուրդը եւ կոմիտեն: Առաջիկայում իր աշխատանքները կսկսի նաեւ առեւտրի, ներդրումների եւ տնտեսական համագործակցության ենթակոմիտեն: Միաժամանակ ուսումնասիրվում են ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում համագործակցության բարելավման հնարավորությունները:
Հանդիպման մասնակիցները կարեւորել են ՏՐԱՍԵԿԱ եւ ԻՆՈԳԵՅԹ ծրագրերի շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը: Պարոն Վիտեբրուտը նշել է, որ տարածաշրջանային համագործակցությունը նպաստավոր պայմաններ կստեղծի նաեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար:
Սիզ Վիտեբրուտը ողջունել է Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության քվեարկությունը, ինչպես նաեւ Առեւտրի Համաշխարհային կազմակերպությանն անդամակցության գործընթացը, ինչը, նրա կարծիքով, վկայում է, որ Հայաստանում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների հիմքերը ստեղծված են:–0–