AM
16 Նոյեմբեր 2011 - 09:52 AMT

Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը համերգ կտա Երևանում

Նոյեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ` նվիրված Ուսանողների միջազգային օրվան: Համերգում հնչելու է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան)։ Համերգի մենակատարն է լինելու միջազգային մրցույթներ դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա):

Համերգը կազմակերպել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թ-ին Երևանում: 1988թ-ին դարձել է Չայկովսկու անվան, այն ժամանակ դեռ համախորհրդային մրցույթի հաղթող: Միջազգային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1989թ-ին Մարինյան թատրոնի հետ Շլեզվիգ-Գոլշտեյնի փառատոնում: Մադոյանը ձայնագրել է 7 ալբոմ, որից «Kontrapunkt»-ը Լոնդոնի «The Strad» ամսագիրը համարել է լավագույնը` ջութակի նույնանման ալբոմների մեջ:

Ջութակահարը ապրում է Գերմանիայում, բայց միշտ կապ է ունեցել իր հայրենիքի հետ: Նա միշտ մասնակցել է բարեգործական համերգների: ՀՀ անկախության 13-ամյակի առիթով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի, ինչպես նաև Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը: