13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը Վիեննայում հայտարարել է, որ համամիտ չէ այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կորցրել են իրենց իմաստը, քանի որ միջնորդները չունեն նոր առաջարկներ, իսկ հակամրտող կողմերը մերժել են իրենց նախորդ գաղափարները:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդագրության համաձայն` ԼՂՀ-ի արտգործնախարարը, որը մասնակցում է Ավստրիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին, ասել է, որ միջնորդները փորձում են դուրս գալ բանակցային գործընթացի փակուղուց:
Նաիրա Մելքումյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբերանի նախագահների ուղիղ երկխոսությունը, ինչպես նաեւ Մինսկի խմբի ջանքերը հավասարաչափ կարեւոր են, եւ երկու գործընթացները պետք է զուգահեռ իրականացվեն: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը նշել է, որ հնարավոր չի համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այս տարվա ընթացքում:
«Նախագահ Հեյդար Ալիեւը, ըստ ամենայնի, Ադրբեջանի միակ քաղաքական գործիչն է, որը հասկանում է, որ Ղարաբաղյան խնդիրը չի կարելի լուծել ուժի միջոցով: Հայտնի չէ, թե ինչ կկատարվի Ադրբեջանում Ալիեւից հետո: Մենք չենք ցանկանում պատերազմ, սակայն եթե այն վերսկսվի, ապա, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հզորությունը, ռազմական գործողությունները կընթանան Ադրբեջանի տարածքում», – ասել է Նաիրա Մելքումյանը: –0–