AM
17 Նոյեմբեր 2011 - 13:49 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Լիլիթ Պիպոյանի մշակած և հեղինակած երգերի ներկայացմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցեց երգչուհի-երգահան Լիլիթ Պիպոյանի մշակած և հեղինակած երգերի ներկայացմանը: Համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Տարբեր գյուղերում կատարած գիտարշավի արդյուքնում, Պիպոյանին հաջողվել է հնարավոր մոռացությունից փրկել, մշակել և իրական գոհարների վերածել ժողովրդական հաջողված նմուշներ:

Հայրենիքի հավերժացման ուղին սկսվում է նրա պատմության ակունքներն ուսումնասիրելու և սերունդներին փոխանցելու պատրաստակամությունից: Այդ սկզբունքով է գործում երգչուհի-երգահան Լիլիթ Պիպոյանը` հայ երգարվեստի էջերը հարստացնելով եզակի նմուշներով:

Երգչուհին իր քնարական ձայնով ներկայացնում է նաև հեղինակային երգեր: Կիթառի, դաշնամուրի, ֆլեյտայի և լարային քառյակի նվագակցությամբ հնչող երգերի թվում զգալի տեղ են զբաղեցնում տարբեր ժամանակների մեծանուն բանաստեղծների խոսքերով գրված և երգչուհու մշակած ստեղծագործությունները:

«Ապագան մշուշոտ կարող է լինել միայն անցյալի կորստից: Նորը գնահատելի է, սակայն հավերժական է դրան հասնելու ուղին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է բոլոր ժամանակների ձեռքբերումները կարևորող և դրանց միջոցով վերելքի նոր ճանապարհ հարթողների ջանքերը: Հաճելի է արձանագրել, որ այժմեականի վերածված հինը ներկայացնում է մեր երկրի պատմական գիտակցությունը: Լիլիթ Պիպոյանի երգերում իշխում են բոլոր ժամանակների հանճարեղ բանաստեղծների խորիմաստ մտքերն ու պատգամը: Հաջողություն ենք մաղթում երգահան-երգչուհուն` կարևորագույն գործում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լիլիթ Պիպոյանը հաջողությամբ հանդես է եկել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեղինակավոր բեմերում: