Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էին «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառումը։ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի փողային նվագախումբը, վոկալ երգչախումբը և մենակատարները Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջեցին պետական և ոչ պետական բուհերով՝ իրենց կատարումներով շնորհավորելով ուսանողներին միջազգային օրվա առթիվ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ «Երաժշտությունն անիվների վրա» ծրագրի նպատակը բոլոր բուհերում տոնական տրամադրություն ստեղծելն է և տոնական միջոցառումների շրջանակներում առավել մեծ թվով երիտասարդների ներգրավելը։ «Ուսանողական տարիները մի կարևոր նպատակ պետք է հետապնդեն. հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերել, որպեսզի կարողանանք ստեղծել այն հասարակությունը, որի մասին երազում ենք։ Իսկ մենք երազում ենք խելացիների հասարակություն։ Այսօրվա ուսանողությունը պետք է կարողանա իր գիտելիքները ներդնել մեր պետության զարգացման գործում»,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ուսանողությունը, շատ այլ երկրների ուսանողության հետ համեմատած, բավականին ակտիվ է և ներգրավված երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում։






