12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի փաստաբանը բացահայտորեն ձգձգում է քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը` օրեկան ընթերցելով ընդամենը 15-20 էջ:
Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Արամայիս Ավագյանը:
Քննչական խմբի ղեկավարը ընդգծել է, որ նման ընթացքը ձեռնտու չէ նաեւ պաշտպանյալին, քանի որ, իր խոսքերով, Սամվել Բաբայանը նույնպես դժգոհություն է հայտնել նման դանդաղկոտության կապակցությամբ:
Արամայիս Ավագյանը չի բացառել, որ եթե փաստաբան Ժուդեքս Շաքարյանը շարունակի հավատարիմ մնալ իր ընտրած ուղղությանը, քննիչը կարող է ընդունել որոշում` նյութերի հետ ծանոթանալու համար որոշակի ժամկետ սահմանելու վերաբերյալ: Արամայիս Ավագյանը հաղորդել է, որ մոտ օրերս կավարտվի գործի ուսումնասիրությունը այլ մեղադրայլների նկատմամբ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման քրեկան գործը բաղկացած է 15 հատորից: –0–