AM
11 July 2000 - 15:01 AMT

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «1+3» ԲԱՆԱՁԵՎՈՎ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԻՐԱԿԱՆ Է, ԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տարածաշրջանային համագործակցության, անվտանգության եւ կայունության խնդիրների քննարկումը «1+3» բանաձեւով /Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան/ այսօր ավելի իրական է: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍի հարցին, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ այս բանաձեւի շրջանակներում հանդիպումները տարածաշրջանային խնդիրների քննարկման առաջին արդյունավետ փորձն են: Օսկանյանը հատուկ ընդգծել է, որ մոսկովյան հանդիպման նախօրեին որոշվել է դրա օրակարգը, ինչը վկայում է այս հանդիպումներին ինստիտուտային բնույթ տալու հնարավորության մասին:
Նախարարը նշել է, որ «1+3» բանաձեւով հանդիպումները կկայանան առնվազն տարեկան երկու անգամ, եւ համոզվածություն է հայտնել, որ սկսված երկխոսության շարունակությունը օգտակար կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների համար:
Վարդան Օսկանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է նաեւ, որ «3+3+2» բանաձեւով /Հարավային Կովկասի պետություններ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ինչպես նաեւ Եվրամիություն եւ ԱՄՆ/ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգի ձեւավորման վերաբերյալ Հայաստանի առաջարկը մնում է օրակարգում: «Մեր առաջարկը տրամաբանական է, քանի որ մենք ելնում ենք այն բանից, որ Հարավային Կովկասում երկարատեւ կայունություն եւ անվտանգություն կարող է հաստատվել միայն բոլոր շահագրգիռ կողմերի առավելագույն ներգրավմամբ», – ասել է Օսկանյանը: –0–