11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանում Կարմիր խաչի գործունեության արդյունավետության բարձրացմանն, այդ կազմակերպության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարմիր խսչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար տիկին Լիզ Բուդրոյի այսօր կայացած հանդիպման ժամանակ: Երկուստեք ընդգծել են համագործակցությունը շարունակելու իրենց հաստատակամությունը:
Կարմիր խաչը Հայաստանում իրականացնում է մարդասիրական բնույթի մի շարք ձեռնարկներ: Հանրապետության նախագահը հայաստանյան առաքելության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է հատկապես առողջապահական ոլորտի խնդիրներին` կարեւոր համարելով թոքախտի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը: Տիկին Բուդրոն նշել է, որ իրենք պատրաստ են իրականացնել թոքախտի դեմ պայքարի հետ կապված ծրագրեր:
Կարմիր խաչն ակտիվորեն զբաղվում է նաեւ անհայտ կորածների եւ ռազմագերիների հարցերով: Այդ գործում պատվիրակությունը սերտորեն համագործակցում է պաշտպանության նախարարության եւ համապատասխան մյուս գերատեսչությունների հետ: Լիզ Բուդրոյի խոսքերով, անհայտ կորածների որոնման ուղղությամբ աշխատանքներն ավելի ակտիվ ու արդյունավետ դարձնելու համար մտադիր են ստեղծել միասնական հանձնաժողով:
Բարձր գնահատելով Կարմիր խաչի կողմից իրականացվող ծրագրերը, Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ ձեւավորված համագործակցությունը եւ բարի ավանդույթները այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվեն: –0–